29 ապրիլի 2023 - 12:28 AMT
Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ ՀՀ ԱԳՆ-ն չէր հաստատել, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշել է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։