Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածում անցագրային ռեժիմ է սահմանել:
Այդ մասին հայտնել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել Հակարի գետի կամուրջին անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին:
Արցախից պաշտոնապես տեղեկացնում են, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիները երեկ կանգնեցրել և երկար ժամանակ արգելել են ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով:
Ժամանակը գնում է, ճնշումն Արցախի նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճում, սակայն իրավիճակային հանգուցալուծում դեռևս չկա:
Մինչև ՀՀ իշխանությունը միջանցքը որպես ՌԴ պատկանելիության տարածք է որակում, իսկ ՌԴ-ից հորդորում են ՀՀ իշխանությանը գործընթացի պատասխանատվությունից չխուսափել, արցախցիների վիճակը շարունակում է վատթարանալ:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։