4 մայիսի 2023 - 12:11 AMT
Գալուզին․ ԼՂ պես հակամարտությունների կարգավորումը չի կարող ընթանալ առանց «գետնի վրա» ծագող խնդիրների

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այդպիսի զգայուն հակամարտությունների կարգավորումը չի կարող ընթանալ առանց «գետնի վրա» ծագող խնդիրների։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» հարցազրույցում։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել մարել հակամարտության թեժ փուլը։ Փոխնախարարը հավելել է, որ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հենց հրադադարի հաստատման և դեպի հայ-ադրբեջանական կարգավորում շարժվելու և խաղաղապահ զորակազմ ծավալելու մասին է։

«Այժմ երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է 4 հիմնական ուղղությամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, սահմանների սահմանազատում և հասարակական ու խորհրդարանական կապերի հաստատում, առանց որի բարդ է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին։

Կարգավորման հիմնական տարրերը, այն է՝ կրակի դադարեցում և դեպի հայ-ադրբեջանական կարգավորում հիմնական ուղղությունների ձևակերպում, բոլոր այդ սկզբունքները ձևակերպվել և սկսվել են իրականացվել բացառապես շնորհիվ ՌԴ-ի և ՌԴ նախագահի միջնորդական առաքելության։ Դա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,-ասել է նա։

Գալուզինը նշել է, որ այդ 4 ուղղությամբ այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է կոնկրետ ջանքեր գործադրել, ուղղություններից յուրաքանչյուրում ձևավորվել է լուրջ ներուժ և հիմքեր հետագա առաջընթացի համար։

«Հասկանալի է, որ նման հին ու զգայուն հակամարտությունների կարգավորումը, ինչպիսին է այն ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում և շուրջը, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների ու «գետնի վրա» ծագող խնդիրների։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, ասել է, որ բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից:

«Երբ հանդիպման արդյունքում հայտարարություններ արվեն և կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք ձևավորել»,-ասել է նա։