4 մայիսի 2023 - 12:12 AMT
Ալիև․ ՀՀ-ն պետք է հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում միջազգային կոնֆերանսի ընթացքում ասել է՝ Հայաստանը պետք է հաստատի, որ չունի տարածքային պահանջներ Բաքվից՝ հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։

«Նրանք պետք է ասեն այն, ինչ ես ասացի, այն է՝ Ղարաբաղը դա Ադրբեջան է՝ ես սպասում եմ դրան։ Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Ալիևը հավելել է, որ Հայաստանը 2022-ի հոկտեմբերին ստորագրել է Պրահայի հռչակագիրը և նույն ամսին՝ Սոչիի հռաչակագիրը, որտեղ «համաձայնություն է տվել որպես հարաբերությունների կարգավորման հիմք ընդունել 1991թ․ Ալմաթիի հռչակագիրը»։

«Ալմաթիի հռչակագրում փաստացի գծված և ճանաչված են որպես վարչական և պաշտոնական սահմաններ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սահմանները։ Դա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնվել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Վերջերս ես ասացի, որ նրանք պետք է ասեն վերջին խոսքը, «Ա»-ն ասել են, հիմա պետք է «Բ»-ն էլ ասեն՝ պետք է ասեն այն, ինչ ես ասացի, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ես սպասում եմ դրան։ Հուսով եմ, այդ ժամանակը կգա»,-ասել է նա։

Ըստ Ալիևի՝ կարևոր է, որ հիմա Հայաստանն ավելի բաց է խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, քան նրա որոշ բարեկամներ Արևմուտքում։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Մայիսի 4-ինՎաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։