Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ ԱՏՁՄ գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։
Հայկ Չոբանյանը թողել է ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնը`բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով»։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Սարգիս Կարապետյանը տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել և կառավարել է 2 տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է 1․1 մլն դոլարի ներդրում վենչուրային ֆոնդերից, միջազգային և տեղական կազմակերպություններից։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։
Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։
ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։