4 մայիսի 2023 - 14:29 AMT
Խանդանյան. Սիմոնյանը Թուրքիայում բարձրացնելու է օդային տարածքի բացման հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ է հանդիպելու և բարձրացնելու է հայկական ավիափոխադրումների համար օդային տարածքի բացման հարցը։ Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով Անկարայի կողմից Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա հայկական ավիափոխադրողների թռիչքներ իրականացնելու արգելքին։

Անկարան արգելքը պատճառաբանել էր Հայաստանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով՝ այն որակելով որպես «սադրանք», գրում է Sputnik Արմենիան։

Խանդանյանին հարցրել են՝ արդյոք հնարավո՞ր է արձանն ապամոնտաժվի։

«Այստեղ խնդիրը ոչ թե արձանի ապամոնտաժման հարցն է, այլ ինչպես անել, որ օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրումների համար, և սրա շուրջ աշխատանք պետք է տարվի։ Պետք է հասցեագրել իսկական խնդիրները, իսկ այս պահին իրական խնդիրը այն է, որ ՀՀ ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի տարածքով իրենց գործունեությունը ծավալել, ինչը խնդիր է ստեղծում մեր քաղաքացիների համար»,–ասել է Խանդանյանը։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։