ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:
Անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը:
ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետևանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:
«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում և չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին և հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:
Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։