ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի պլաններ» քննարկվում են, պետք չէ «առաջ ընկնել», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվա այցելելու մտադրության մասին Չեխիայում հայտնել է ինքը՝ Փաշինյանը։
«Եկեք առաջ չընկնենք։ Որոշակի պլաններ քննարկվում են։ Երբ այդ քննարկումը վերջնակետին կհասնի, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռևս դա վաղաժամ եմ համարում»,- ասել է Պեսկովը։
Փաշինյանը Մոսկվա մեկնելու մտադրության մասին ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման ժամանակ։
Վերջին անգամ ՀՀ վարչապետը ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ: