Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն մայիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են Վաշինգտոնում ավարտված հայ-ադրբեջանական բանակցությունները։
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում կայացած բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք վերաբերում էին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը։
Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակող համագործակցության շուրջ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: