6 մայիսի 2023 - 10:46 AMT
Վարչապետ. Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր՝ եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, մենք էլ ենք պատրաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադառնալով 8 գյուղ վերադարձնելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ հայկական կողմն էլ ունի օկուպացված գյուղեր։

«Եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, մենք պատրաստ ենք»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ գյուղը միայն գյուղապետարանի շենքը չէ։

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք։

Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասել է նա:

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման: Նա հրապարակել է այդ պահանջները, որոնց թվում է ՀՀ 8 սահմանամերձ գյուղերը «Ադրբեջանին վերադարձնելը» և փոխհատուցում վճարելը։