6 մայիսի 2023 - 13:18 AMT
Փաշինյան․ Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատությանը» տված հարցազրույցում խոսելով նրանից, թե որոնք են այն հարցերը, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններից հետո մնացել են տարակարծիք, ասել է, որ առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ։

«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Փաշինյանն ընդգծել է, որ տարընթերցումներ կան նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում, և դրանք պահպանվում են:

«Հաջորդ կարևորագույն հարցը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ․ ինչպե՞ս պետք է այդ տարընթերցումները լուծվեն։ Դելիմիտացյիայի պրոցեսի հետ կապված խնդիր կա, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի են առնվում և՛ միջազգային մեխանիզմները, և՛ տեղայինը, մասնավորապես, զորքերի և ուժերի դիրքավորման հետ կապված հարցերը՝ ով որտեղ, ինչպես պետք է դիրքավորվի, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Այդ հարցերի շուրջ կարող է լինել որոշակի շարժ, բայց եթե տարբերությունը 1 կմ էր, դարձավ՝ 999 մետր, այո, որոշակի մոտեցանք, բայց ճեղքը շարունակում է մնալ շատ մեծ», - նշեց վարչապետը:

Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում։

Այն հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին՝ Փաշինյանը պատասխանել է՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն։

«Հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, վարչապետը պնդել է, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։

Նա ասել է, որ Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։

«Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։ 2022-ի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաըց», - նշել է վարչապետը։

Ճշգրտող հարցին, թե Սոչիում նման փորձ չի եղե՞լ՝ Փաշինյանը կրկնել է իր պատասխանը, որ նման փորձ Մոսկվան այլևս չի արել։

«Որ պահին, որ դա դրվի սեղանին, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչքանո՞վ է հետապնդում էդ տարբերակը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: