6 մայիսի 2023 - 14:08 AMT
ՌԴ-ում ՀՀ և ԱՄՆ դեսպանները կարևորել են ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունները

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին մայիսի 5-ին տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունները, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ` ընդգծելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը:

Հարությունյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԼՂ-ում առկա ճգնաժամային դրության վրա: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը հակասում է Եռակողմ համաձայնության 6-րդ կետին:

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: