8 մայիսի 2023 - 10:15 AMT
ԱՀ պետնախարար․ Լենցովին Բաքվում պայմանավորվածության հասնել չի հաջողվել

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովին Բաքվում տեղի ունեցած բանակցություններում չի հաջողվել պայմանավորվածության հասնել ադրբեջանական անցակետի վերացման հարցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ-գնդապետ Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: