8 մայիսի 2023 - 14:11 AMT
Կառավարությունում տեղյակ չեն Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին Բրյուսելում

ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Բրյուսելում մայիսի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին։ Այդ մասին ասել է կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ նման տեղեկություն չունի:

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հաղորդվել է, որ առաջիկա հնարավոր հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերսկսելու են խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: