Արցախի շրջափակման ընթացքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, որի հետևանքով ջրամբարը գրեթե դատարկ է, հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար խափանում էր Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքները․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սարսանգի ջրամբարի խնդրին էր անդրադարձել նաև ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է» խորագրով առցանց հանդիպման ժամանակ, գրում է «Առավոտը»։
https://www.aravot.am/2023/05/07/1339750/
Այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Սարսանգի ջրամբարի վիճակը, նա պատասխանել է․ «Վիճակը ծանր է, բայց լուծումեր կան․ դրանց վրա աշխատում ենք»։
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան: «Սարսանգ» ՀԷԿ-ն ապահովում է էլեկտրաէներգիայի մեծ մասն ու պայմաններ ստեղծում ցանցի համար, որ փոքր ՀԷԿ-երը նույնպես կարողանան աշխատել և արտադրանք տալ:
Ամիսներ շարունակ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարի վերացմանը: