10 մայիսի 2023 - 10:44 AMT
ԵԽ-ն հաստատել է` մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կլինի

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար», - ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է «Ազատությունը»։

Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաև հնգակողմ հանդիպում անցկացնելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:

«Միշելը, Փաշինյանը և Ալիևը նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար», - հայտնում է Եվրոպական խորհուրդը:

Ավելի վաղ The Financial Times պարբերականն էր հաղորդել առաջիկա եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի կառավարությունից ոչ հաստատել և ոչ էլ հերքել էին այդ տեղեկատվությունը: