10 մայիսի 2023 - 16:45 AMT
Միրզոյանն ու Բայրամովը Մոսկվայում կհանդիպեն մայիսի 19-ին

Մոսկվայում մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այդ հանդիպմանը կհաջորդի հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումը Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: