24 ապրիլի 2009 - 19:19 AMT
ԼՂՀ-ում նշել են Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը
Ապրիլի 24-ին` Հայոց Մեծ եղեռնի 94-րդ տարելիցի օրը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու այդ հրեշավոր ոճրագործության անմեղ նահատակների հիշատակին: ԼՂՀ նախագահը նաեւ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է . «Այսօր մեր ժողովուրդը նշում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից ծրագրված ու դաժանորեն իրագործված Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը եւ հարգանքի տուրք մատուցում այդ հրեշավոր քաղաքականության անմեղ զոհերի հիշատակին: Համայն մարդկության աչքի առջեւ կոտորվեց մի ողջ ժողովուրդ, ավերվեցին ու ամայացան հազարավոր բնակավայրեր, միլիոնավոր հայեր կորցրին իրենց հայրենիքը եւ ապաստան գտան աշխարհի տարբեր ծայրերում: 1915 թվականը դարձավ մեր բազմադարյա պատմության ամենաողբերգական էջերից մեկը»:

Բակո Սահակյանը նշեց, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ կրկին վերածնվելու, վերականգնելու իր անկախ պետականությունը եւ ինքնուրույն կերտելու իր ապագան: «Օրեցօր զարգացող Հայաստանի Հանրապետությունը, ազատ ու անկախ Արցախը, հայկական հզոր Սփյուռքը դրա լավագույն ապացույցն են: Յուրաքանչյուր հայի պարտքն է միշտ վառ պահել մեր նահատակների հիշատակը, իսկ յուրաքանչյուր զարգացած եւ ժողովրդավարական պետություն պետք է ճանաչի եւ դատապարտի Ցեղասպանությունը: Դա համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու, նման ոճրագործությունները հետագայում կանխարգելելու ամենաազդեցիկ միջոցն է: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Վստահ եմ` վաղ, թե ուշ աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը կճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված Եղեռնի փաստը եւ վերջնականապես կվերականգնվի պատմական արդարությունը»,- ասել է Սահակյանը: