12 մայիսի 2023 - 10:50 AMT
Պետդեպը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զորքերը հայելային հետ քաշել սահմանից

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 11–ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Պատելը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը։

«Բռնությունը (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրի առաջնորդներին, որ երբ նրանք հավաքվեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ զորքերի հայելային հետքաշման հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած բանակցություններին, Պատելը դրանք «կարևոր, դրական քայլ» է անվանել։ Նրա խոսքով` կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարևոր հարցեր, «տեսնել մյուս կողմի տեսակետը»։

«Մենք հավատում ենք, որ շարունակում է գոյություն ունենալ ամուր առաջընթացի ճանապարհը։ Մենք կարծում ենք, որ այս խնդրին խաղաղ լուծում կա։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում այդքան խորությամբ զբաղվել այդ հարցով»,–ասել է Պատելը։

Պատասխանելով այն հարցին` արդյոք պետքարտուղարը Բրյուսելում կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես «Վաշինգտոնում երկխոսության շարունակություն», թե այն «առանձին ուղղություն» է համարում, խոսնակն ասել է, որ չի պատրաստվում առաջ անցնել բուն բանակցություններից։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: