Մայիսի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Հարաբերությունները 11 տարվա սառեցումից հետո վերականգնելու մասին հայտարարվել էր 2022-ի դեկտեմբերին։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
2021–ի դեկտեմբերին Հունգարիայի աջակցությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան։