13 մայիսի 2023 - 15:41 AMT
ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը։ Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։

Աշխատանքային խումբը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը համակարգելու նպատակով։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը։ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել հանդիպման մասնակիցներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնելու, բոլոր հնարավոր միջոցներով պաշարման մեջ մնացած հայրենակիցներին օժանդակելու համար»

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: