15 մայիսի 2023 - 13:53 AMT
Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում ձյուն է եկել․ Առանձին բնակավայրերում ձյան ծածկը հասել է 15-20սմ

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի լույս 15-ի գիշերը հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։

Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20 սմ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայիսի 15-ի ցերեկը տեղումները հանրապետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 16-ի ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Մայիսի 16-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +22 աստիճան։