16 մայիսի 2023 - 12:16 AMT
Փաշինյանը մեկնել է Իսլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին:

Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։