16 մայիսի 2023 - 18:51 AMT
Արցախից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ

Մայիսի 16-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողի հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։