17 մայիսի 2023 - 10:47 AMT
Հայաստանի և Արցախի 116 թանգարան կմասնակցի «Թանգարանների գիշերվան»

Հայաստանի և Արցախի 116 թանգարան կմասնակցի մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան և մայիսի 20-ին կայանալիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը։

2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում:

Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:

Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարան՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով այցելուներին բազմապիսի ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր: Եվս մեկ անգամ կվերարժևորվի թանգարանների առաքելությունը նորօրյա մարտահրավերների, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակության ձևավորման համատեքստում:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: