17 մայիսի 2023 - 17:21 AMT
Լոս Անջելեսի այն խաչմերուկը, որտեղ գտնվում է Ադրբեջանի հյուպատոսությունը, անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին, հայտնում է Արմենպրեսը LAist պարբերականի տարածած հաղորդագրության վրա հղումով:

Ըստ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի հետևանքով այնտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի և այլ խնդիրների:

«Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն սպառնացել է ցեղասպանությամբ և կոչ է արել վտարել բոլոր հայերին այն տարածքներից, որոնց նա հավակնում է՝ ևս մեկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իրենց հինավուրց հայրենիքում: Մենք այս քայլն արել ենք՝ հաստատելու Լոս Անջելեսի ժողովրդի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ», - ասվում է Կրեկորյանի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: