17 մայիսի 2023 - 19:29 AMT
Փաշինյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

Զրւցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է և մեր երկիրը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով: Թինի Քոքսը ողջունել է այս ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու նախաձեռնողականությունը:

Վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է, որ ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է, իսկ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: