24 ապրիլի 2009 - 23:23 AMT
Գերմանիայում պատմաբանները կպատմեն Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի դերի մասին
Գերմանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ֆրանկֆուրտ-նա-Մայնում` սբ.Պետրոսի եկեղեցում: Միջոցառմանը, որին կմասնակցեն քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, մշակույթի գործիչներ, ելույթ կունենան պատմաբան Վոլֆգանգ Գուստը, ինչպես նաեւ իրավաբան, պրոֆեսոր Օտտո Լյուխտերխանդտը: Նրանք խոսելու են Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի դերի մասին: Ֆրանկֆուրտում հիշատակի երեկոյի կազմակերպիչները Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհուրդը եւ Գերմանիայում Հայկական Եկեղեցու Թեմը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն նաեւ Գերմանիայի այլ քաղաքներում` Համբուրգում, Պոտսդամում: Համբուրգում Մշակույթի հայկական միությունն այսօր ասորիների հետ միասին հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Համբուրգում տեղի կունենա սբ.Դիմետի Սիրիա-ուղղափառ եկեղեցում, որը կարող է ընդունել ավելի քան 300 այցելուների: «Դա մեր ժողովուրդների մարդասիրության եւ համերաշխության նշանը կլինի»,- ասել է Համբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչ Թորոս Սարյանը:

Եկեղեցում կներկայացվեն կտավներ, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության մասին: Միջոցառումը կուղեկցվի DAVID-QUARTETT-ի երաժշտությամբ:

Ինչպես հաղորդում է գերմանական Bild թերթը, Պոտսդամում մարդիկ կհավաքվեն խաչքարի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: