20 մայիսի 2023 - 10:57 AMT
ՀՀ-ն Հունգարիայում դեսպան է նշանակել

11 տարվա դադարից հետո ՀՀ-ն Հունգարիայում դեսպան է նշանակել։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն արդեն հանձնել է իր հավատարմագրերը։ Նրա նստավայրը Թբիլիսին է։

Մեկ այլ հրամանագրով Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)։