20 մայիսի 2023 - 16:03 AMT
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան

Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի բեկորներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի հայերի միությունը։

«Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան:

Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանքի» գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,-ասվում է գրառման մեջ։