Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը հրադադարի խախտման 2 դեպք է գրանցել, հայտնում ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում։
Հրադադարի խախտումները գրանցվել են Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։
Նշվում է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է խախտումները։
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով 271 տոննա հումանիտար բեռ է հասցվել Ստեփանակերտ։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: