Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին համատեղ մամուլի ասուլիսում կարևորել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
Նրանք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը։
«Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի ամրապնդումը, մասնավորապես համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով։ Կարծում ենք, որ փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը այս ուղղությամբ ևս խթան կհանդիսանա»,- ընդգծել է Միրզոյանը։
Միրզոյանը` ընդգծել է, որ կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս են, որ կկարողանան համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությանը։
«Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Լիահույս ենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության հարցում»,- ասել է Միրզոյանը։
Չնայած նկատվող առևտրաշրջանառության ծավալի որոշակի աճին՝ ԱԳ նախարարը հուսով է հաջորդ հանդիպումների ընթացքում արձանագրել էլ ավելի մեծ դրական դինամիկա։
ԱԳ նախարարը հայտնել է, որ Դոքերթիի հետ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված ժողովրդավարական ինտիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և արդյունավետ կառավարման ապահովմանը։
«Այս համատեքստում մենք արժևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,- եզրափակել է Միրզոյանը։
Դոքերթին կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին։
Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։