«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած մի շարք հայտարարություններին, որոնք ուղղակի առնչվում են ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի շահերին, հայտարարել է, որ իրենց կողմից դրանք գնահատվում են հակապետական, հակազգային։
Նա, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, պահանջել է ԱԺ-ում անմիջապես քննարկումներ սկսել և գնահատականներ տալ։
«Քանի որ դուք ՀՀ-ի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահն եք, ապա հնարավոր համարո՞ւմ եք այս նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները և գնահատական հնչեցնել մեր կողմից որպես հակապետական, հակազգային գնահատվող մոտեցումներին», - ասել է Մինասյանը:
Սիմոնյանն ասել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը խմբակցությունների իրավունքն է և առաջարկել է անել դա, ինչն իրենք կքննարկեն։
«Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի հնչեցրած կարծիքները»,–ասել է Սիմոնյանը։
Մինասյանը հակադարձել է, որ, ինչպես պրակտիկան է ցույց տվել, մեծամասնությունը մշտապես նման նախաձեռնությունները մերժում է:
«Կանոնակարգ օրենքը նման դեպքերում հնարավորություն է տալիս ձեզ՝ որպես ԱԺ նախագահի, հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախաձեռնությամբ, որը կարող է առիթ հանդիսանալ նման հարցերի քննարկման համար»,- նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։
Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։