«Համախմբում» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարել է, որ ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով քայլ է կատարում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։
Նա նշել է, որ սկսում են գործընթաց, որի նպատակը, ի վերջո, հանրաքվեն է՝ Արցախի Հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով, հայտնում է Aysor.am-ը։
«Վարչապետ կոչվող անձը փորձում է զրկել մեզ ինքնությունից, պատմական հիշողությունից, ապագայից ու ապագայի իդեալներից` փորձելով մեզ սարքել մանկուրտ, անդեմ, նյութապաշտ, վախկոտ և ողորմելի մարդկանց մի բազմություն, որն իրավունք չունի ազգ կոչվելու։ Մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել դա», - ասել է Չալաբյանը։
Նա նշել է, թե այս իշխանությունը փորձում է մարդկանց մոտ անելանելիության զգացում ստեղծել։
«2021 թվականին մի կերպ ընտրությունները հաղթելուց հետո, նա փորձել է ստեղծել այնպիսի տպավորություն, որ հայ ժողովուրդը պաշտպանում է այս իշխանություններին և կպաշտպանի ցանկացած գործողություն, որը կիրականացնի իշխանությունը։ Դա կեղծիք է։ Այս իշխանության վարկանիշն իր պատմական նվազագույնի վրա է հիմա գտնվում», - նշել է Չալաբյանը։
Նա ասել է, թե այս իշխանությունները նախընտրական մի ծրագրով են ընտրվել, որի հիմքում Արցախի ինքնորոշման ճանաչումն ու Արցախի դեօկուպացիան է եղել։
«Հրաժարվելով սեփական նախընտրական ծրագրից, սահմանադրության պահանջներից՝ այս իշխանությունները կա՛մ պետք է սեփական քաղաքական ուղեգիծը հաստատեն նոր հանրաքվեով, կա՛մ եթե նրանք դա չեն անում, մենք նրանց դա կպարտադրենք։ Հենց այդ նպատակով մենք սկսում ենք գործընթաց, որի նպատակն, ի վերջո, հանրաքվեն է՝ Արցախի Հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով», - ասել է Չալաբյանը։
Մանրամասնելով՝ նա նշել է, թե դա փուլային գործընթաց է, առաջին փուլում պետք է լինի ստորագրահավաք, որպեսզի դրա հիման վրա ԱԺ մտցվի օրենքի նախագիծ։
«Մեզ պետք է մեր 50,000 արժանապատիվ և խիզախ քաղաքացիների աջակցությունը»,-ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։
Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։