25 մայիսի 2023 - 17:56 AMT
Ալիևն 1-ին անգամ մասնակցել է ԵԱՏՄ նիստին․ Ասում է՝ լուրջ նախադրյալներ կան ՀՀ հետ կարգավորման համար

Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությունը։

Ադրբեջանը նիստին մասնակցում է հյուրի կարգավիճակով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, հայտնում է Haqqin.az-ը։

Նիստում Ալիևը հայտարարել է, որ լուրջ նախադրյալներ կան Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման համար՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։