25 մայիսի 2023 - 18:33 AMT
Ալիև․ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն առաջին անգամ հյուրի կարգավիճակով Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևն ասել է նաև, որ կա խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորություն Բաքվի և Երևանի միջև, առավել ևս, որ «Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։