26 մայիսի 2023 - 10:41 AMT
Մոսկվայում եռակողմ հանդիպմանն ապաշրջափակման հարցեր են քննարկվել․ Փոխվարչապետերը 1 շաբաթից կհանդիպեն

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

Եռակողմ հանդիպմանը նախորդած Պուտին-Փաշինյան հանդիպմանը ՌԴ նախագահը, խոսելով ապաշրջափակման մասին, ասել է, որ դրան առնչվող հարցերը շատ կարևոր են և զգայուն։

«Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսելու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։ Համոզված եմ, որ եթե ի վերջո, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի և՛ Հայաստանին, և Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրին, այլև ամբողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են դրանում, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այդ տարածքում բնակվող մարդկանց անվտանգության ապահովման առումով»,-ասել է Պուտինը Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը։

Ընթերցեք նաև․ Փաշինյան-Ալիև «լեզվակռիվ» ԵԱՏՄ նիստում՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ