26 մայիսի 2023 - 12:04 AMT
ԱՄՆ Պետդեպը՝ Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին․ Սատարում ենք բանակցությունների շարունակմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ասել է, որ ԱՄՆ-ն սատարում է բանակցությունների շարունակմանը։

«Մոսկվայում ԼՂ խնդրի շուրջ բանակցություններին, ինչպես նկատել եք, չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել․․․Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Մենք համարում ենք, որ համաձայնություն արդեն ձեռք բերվել է և մենք պնդում ենք, որ երկու կողմերը միասին շարունակեն աշխատել համաձայնության հասնելու համար բոլոր չլուծված հարցերի շուրջ»,-ասել է Միլլերը։

Միլլերը հիշեցրել է՝ մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում երկու կողմերի բանակցությունների, ապա Բրյուսելում դրանց շարունակության մասին։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ պետքարտուղարությունը կողմերի հետ նոր հանդիպումներ ունենա՝ Միլլերն ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի շաբաթ առաջ է նրանց հետ հանդիպել։

«Նա կշարունակի ներառված մնալ գործընթացում, բայց նոր հանդիպումների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող»,-ասել է նա։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: