26 մայիսի 2023 - 16:12 AMT
Պեսկով․ Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, ասել է, որ ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում, բայց ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյո՞ք մոսկովյան հանդիպումն ավարտական համարել պայմանագրի կնքումից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

«Մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հասել են պայմանավորվածությունների և հանձնարարականներ տվել, որոնց համաձայն փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից։ Այսինքն հաջորդ շաբաթվա ավարտին։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում և կհղկեն այն հարցերը, որոնց վերաբերյալ կա սկզբունքային ընկալում, թե ինչպես պետք է լուծվեն, բայց դեռևս պետք է պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ընկալում ինչպես այդ ամենը հանգուցալուծել», ուստի աշխատանքային մակարդակում արդեն չպետք է «արհեստական խոչընդոտներ» ստեղծվեն։

«Ինչ-որ խնդիր չի դրվում ամեն ինչ ավարտին հասցնել, քանի որ գլխավորն, այնուամենայնիվ, վերջնարդյունքն է։ Ասյտեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում։ Եվ հենց այդ նկատառումներով էլ հիմա դժվար թե որևէ մեկը կարողանա կանխատեսել, թե կոնկրետ որ օրը կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Կրկին կնշեմ, ինչպես և ասվեց հանդիպմանը, փոխվել են հանգամանքները և կոնցեպտուալ առումով․․․Բոլոր այդ հանգամանքները թույլ են տալիս տեսանելի հեռանկարում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

Photo. Ria Novosti