25 ապրիլի 2009 - 02:04 AMT
Ադամ Շիֆը. ԱՄՆ-ը չի դառնա Թուրքիայի մեղսակիցը Հայոց ցեղասպանության հերքման գործում
«ԱՄՆ-ը չի դառնա Թուրքիայի մեղսակիցը Հայոց ցեղասպանության հերքման գործում: Մենք հաստատակամ կլինենք ցեղասպանության ճանաչման գործում այնքան ժամանակ, քանի դեռ ցեղասպանությունների կանխման հարցը գտնվում է Վաշինգտոնի քաղաքականության օրակարգում», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Ադամ Շիֆի մամլո քարտուղար Ջոն Օբլաքը:

«1915 թվականից մինչեւ 1923 թվականը Օսմանյան կայսրությունում իրականացվել է Հայոց ցեղասպանություն, որը հետապնդում էր ողջ հայ ժողովրդի ոչնչացման նպատակ: Սպանվել է 1, 5 մլն հայ, սակայն այսօր հայ ժողովուրդն ապրում ու բարգավաճում է», - նշվում է ամերիկացի կոնգրեսականի հայտարարության մեջ: Ադամ Շիֆն ընդգծել է, որ հպարտանում է այն բանի առնչությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցել է ավելի քան 100 կոնգրեսական, այդ թվում նաեւ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդը եւ Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը: