26 մայիսի 2023 - 17:20 AMT
Ըստ Բաքվի՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հունիսի 1-ին Քիշնևում

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ պետությունների ղեկավարները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակում։

«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Լեյլա Աբդուլաևան, հայտնում է «Ազատությունը»։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Եվրոպական քաղաքական համայնքի քիշնևյան գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ և եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության և եվրոպական 17 այլ երկրներից:

Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։