27 մայիսի 2023 - 12:08 AMT
Արցախում արգելվում են հավաքները՝ բացառությամբ ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:

Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հայտարարել էր, որ դադարեցնում է արտահերթ ընտրությունների շուրջ բոլոր քննարկումները, սահմանափակում հավաքների ազատությունը։ Նա նշել էր, որ ԱՀ կառավարումը կարող է իրականացվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով։

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել էր, որ առաջարկել է ներդնել մի մոդել, որը փրկել է 1990-ականներին՝ դա պետական պաշտպանության կոմիտեն է։ Թովմասյանը ՊՊԿ-ում 2 թեկնածություն է առաջարկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։