29 մայիսի 2023 - 10:53 AMT
ԱԳՆ․ ՀՀ-ն դրական է արձագանքել Սյունիքիում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին

Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Այդ մասին ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,– ասել են ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։

Պալտովն ասել էր, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:

Պալտովը նաև շեշտել էր, որ մարդկանց ուղարկելու են տեղում աշխատել և իրենց ներդրումն ունենալ ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։