30 մայիսի 2023 - 14:29 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետից կրակել է ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ, հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով՝ 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։ Մայիսի 29-ին ընթացքում 2 այդպիսի հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի ՊՆ կողմից, ևս մեկը՝ մայիսի 30-ին։