30 մայիսի 2023 - 17:55 AMT
Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Ադրբեջանի և Արցախի միջև երկխոսությունը՝ նշելով, որ «այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների և անվտանգության մասին այժմ վճռական նշանակություն ունի։ Կարևոր է ձեռնպահ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո վերքերը միանգամից չեն սպիպանում։ Համարձակ որոշումներ են պետք»,-ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ Միշելը նշել է, որ անհամբեր սպաում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը Քիշնևում։

«Անհամբեր սպասում են կարգավորման մասին քննարկումների շարունակությանը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Դա անհրաժեշտ է հաստատելու համար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու, սահմանների սահմանազատման հարցում առաջ շարժվելու, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ռիսկերի նվազեցման նպատակով»,-ասել է նա։

Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։

Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։