25 ապրիլի 2009 - 12:35 AMT
Ղազախստանի հայերը հարգանքի տուրք են մատուցել1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերին
Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարեւոր է ամբողջ աշխարհի հայության համար: Այդ ողբերգական օրը տարբեր երկրներում եւ քաղաքներում անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Ղազախստանի հայերը նույնպես մեծ նշանակություն են տալիս դրան:

Մասնավորապես Կուստանայ քաղաքում միջոցառումը սկսվեց կեսօրին: Մեկնարկը տրվեց հայ երիտասարդության երթով համայնքից մինչեւ եկեղեցի` ի նշան հազարավոր մտավորականների, հարյուր հազարավոր կանանց, երեխաների եւ ծերունիների հիշատակի, որոնք երիտթուրքերի կառավարության հանցավոր քաղաքականության զոհը դարձան: Ինչպես անցած տարիներին, եղանակն այս անգամ էլ սգում էր մեզ հետ, մռայլ էր եւ, ժամանալ առ ժամանակ, ձյուն էր տեղում: Հայկական եկեղեցու մոտ հավաքվել էին շրջանի սփյուռքի ներկայացուցիչները` հոգեհանգստի արարողության:

Այս տարի շարունակվեց թեմատիկ կինոդիտման ավանդույթը եւ հանդիսատեսին ներկայացվեց իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը` ըստ Անտոնիա Արսլանի համանուն վեպի: Կինոնկարը ոչ մեկին անտարբեր չթողեց, քանի որ պատմում էր Արեւմտյան Հայաստանի հայերի մի ընտանիքի մասին, որն ենթարկվել էր «արտաքսման»` Ցեղասպանության:

Երկրորդ տարին է, ինչ կինոդիտումից հետո միջոցառումների ծրագիրը շարունակում է դրոշներով մեքենաների երթը քաղաքի փողոցներում` ընգրկելով 250-հազարանոց քաղաքի գրեթե բոլոր շրջանները:

Օրվա ավարտ հանդիսացավ քաղաքի կենտրոնական փողոցում ջահերով երթը: Չնայած ցուրտ եղանակին եւ ուշ ժամին` այս միջոցառմանն անցյալ տարվա հետ համեմատած մասնակցում էին ավելի շատ երիտասարդներ, PanARMENIAN.Net-ին հաղորդեց «Ղազախստանի հայ երիտասարդություն» նախաձեռնող խմբի ղեկավար Մաքսիմ Դալլաքյանը: