31 մայիսի 2023 - 17:19 AMT
Օվերչուկ․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կկայանա ամենամոտ ապագայում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը «տեղի կունենա ամենամոտ ապագայում»։

«Այսօր մենք շատ մոտ ենք ասելուն, որ կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այդ դեպքում Հայաստանը ևս ապաշրջափակման հնարավորություն կստանա և կկարողանա երթևեկել Նախիջևանով, Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ, ԵԱՏՄ այլ երկրներ։ Իրոք, այն լուծումները, որ մենք նախապատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ կայունացնող նշանակություն ունեն Հարավային Կովկասի ամբողջ իրավիճակի կայունացման և Հայաստանի ապաշրջափակման համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Օվերչուկը նշել է, որ հարցերը, որոնք դիտարկվելու են առաջիկա հանդիպմանը, «իրոք, վերաբերում են տեխնիկական դետալներին, որոնք կապված են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի հատման մոդալությանը»։

«Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին իրականացվելու է անձնագրային հսկողություն և մաքսային վերահսկողություն, և հսկման մյուս բոլոր ձևերը, որոնք իրականացվում են միջազգային սահմաններին»,-ասել է նա։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ այսինքն մինչև հունիսի 4-ը, երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: