31 մայիսի 2023 - 18:05 AMT
Սասուն Խաչատրյան. Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ` դրական ցուցանիշ է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ։ Ըստ նրա՝ դա վկայում է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, գրում է Factor.am-ը։

«Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված եռաստիճան դատարանների ստեղծումը։ Գուցե ներկայումս տեսանելի չեն այն արդյունքները, որոնք գրանցվել են, բայց հավատացեք, որ արդյունքներ կան»,-ասել է նա։

Որպես ապացույց՝ Խաչատրյանը որոշ վիճակագրական տեղեկություններ է հայտնել է։ Սասուն Խաչատրյանի հավաստմամբ՝ արձանագրվել է կոռուպցիոն դեպքերի աճ։ Իրավական վիճակագրության մեջ, ըստ նրա, կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։

«Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում։ Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակը հետևյալն է՝ հանրության մոտ պետք է ձևավորվի պատասխանատվության անխուսափելիության գիտակցում»,- հավելել է Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն որպես արժեք ընդունող հասարակություն ստեղծելու համար։