3 հունիսի 2023 - 12:00 AMT
Ձերբակալված քննիչներից 2-ը կալանավորվել է, մեկը կմնա տնային կալանքի տակ

Թմրանյութերի իրացման գործով ձերբակալված Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի քննիչներից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Factor.am-ը։

Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 31-ին ձերբակալել է Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի 4 քննիչի։ Նրանց մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը։

Քննիչներից մեկին կալանավորելու միջնորդություն դատարան չի ներկայացվել, իսկ մյուս երեքին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են հունիսի 1-ին, դատավորներ Սարգիս Դադոյանի, Վահե Դոլմազյանի և Տիգրան Դավթյանի կողմից։ Ըստ իրավապահների՝ քննիչներն իրացրել են իրենց վարույթներում առկա, քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցը։