5 հունիսի 2023 - 12:53 AMT
Ադրբեջանի ԱԳՆ․ Որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, ասել է, թե վերջինս փորձել է «խեղաթյուրել հարցերի էությունը մի շարք ուղղություններով, թերընկալում ստեղծել միջազգային և հայ հանրության շրջանում և խուսափել ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններից»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, ըստ Պրահայի և Սոչիի հայտարարությունների, որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ, գրում է Haqqin.az-ը։

«Սահմանազատումը պետք է իրականցվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այդ հայտարարություններում հղումները ՄԱԿ կանոնադրության և Ալամթիի հռչակագրի վրա արվում են վերոնշյալ սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմին լավ է հայտնի, որ այդ և մյուս հանդիպմանը որևէ համաձայնություն չի եղել սահմանազատումը որևէ քարտեղի հիման անցկացնելու վերաբերյալ»։

Նշվում է, որ Ադրբեջանը մինչ օրս սահմանազատումն իր մյուս հարևանների հետ իրականացրել է «ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ բոլոր առկա իրավաբանական փաստաթղթերի վերլուծության և ուսումնասիրության հիման վրա»։

«Այս կոնկրետ դեպքում հայկական կողմին ավելի շահավետ կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները, քան թե պնդել 1975-ի քարտեզին հղման վրա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։

«Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասել է նա։